Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մայիսի 22-ին կհեռանա պաշտոնից և «Արդարություն և զարգացում» կուսակցությունը արտահերթ համագումար կհրավիրի. գրում է birgun.net կայքը։ Նոր համագումարից առաջ թուրքական լրատվամիջոցների ուշադրությունն է գրավել, որ թուրք նախարարները բեղավորվել են: Առնվազն 3-ին՝ ներքին գործերի նախարար Էֆքան Ալային, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին և փոխվարչապետ Յալչըն Աքդողանին բեղեր պահելու «հանձնարարություն» է տվել նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Իշխանական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, որ «կուսակցության ղեկավարի ու վարչապետի պաշտոնի համար բեղեր են անհրաժեշտ»։ Քննարկվում է նաև Թուրքիայի նոր վարչապետի անունը՝ հավանական թեկնածուներ են տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և Էրդողանի փեսայի՝ Բերաթ Ալբայրաքի անունները։